ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան Տնտեսական ու սոցիալական կոմիտեի 20 անդամ պետություններ ներկայացնող շուրջ 300 ուսանողներ հուլիսի 21-25-ը հանդիպեցին Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության 3-րդ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի շրջանակներում:
Խորհրդաժողովի թեման էր` "Իրագործենք Հազարամյակի զարգացման նպատակները մինչև 2015թ. Պրոակտիվ մոտեցումներ ավանդական իմաստությունից այն կողմ":
Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համատեքստում պատվիրակները լիագումար նիստում և 3 կոմիտեներում քննարկեցին էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման կարևորությունը` որպես երաշխիք ապագա կլիմայական փոփոխությունների, բնական աղետների դեմ պայքարում` հատկապես քայքայված շրջաններում, ինչպես նաև խրախուսելով գիտելիքահենք տնտեսության ներդրումն ու տարածաշրջանային համագործակցությունը մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարում:
Հաստատման ճանապարհով պատվիրակներն ընդունեցին մի քանի բանաձևեր և Ինչեոնի հռչակագիրը, որոնցում ընդգծվում էր ՀԶՆ-ներին հասնելու ճանապարհին միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:
ՄԱԿ ՀԱ պատվիրակությունը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Միջազգային զարգացման վարչության և ՄԱԿ ՀՏՎ աջակցությամբ առաջին անգամ մասնակցեց "ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության 3-րդ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդել" խորհրդաժողովին: Պատվիրակությունը շատ հաջող մասնակցություն և ընդունելություն ունեցավ խորհրդաժողովի ընթացքում:
Հայկական պատվիրակությանը հաջողվեց նոր ծանոթություններ հաստատել, որն էլ հիմք դարձավ տարբեր ՄԱԿ-ի Ասոցիացիաների հետ հետագա համագործակցության համար:
"ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության 3-րդ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՄԱԿ-ի մոդել" խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ հնչեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի-մունի ուղերձը մոդելի մասնակիցներին` ցուցաբերել ակտիվ գործունեություն ՀԶՆ-ներին մինչև 2015թ. հասնելու ճանապարհին: Պան Կի-մունի տեսաուղերձը հղեց ուսանողներին "կառուցել առավել հասկանալի Միավորված ազգերի կազմակերպություն. ինչ է այն, ինչ է անում և ինչ կարող է անել":
Բացման արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Ինչեոնի քաղաքապետ Ահն Սանգ-սուն, Նախարարի տեղակալ-դեսպան Օհ Ջունը, ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության Գլխավոր քարտուղար Պերա Ուելսը և Ասիա-խաղաղօվկիանոսյան Տնտեսական ու սոցիալական կոմիտեի նախկին գործադիր տնօրեն Կիմ Հակ-սուն:
Անկասկած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդելը մեծ դեր ունեցավ ՄԱԿ-ի մոդելի տարածման գործում այս տարածաշրջանում, և հայկական պատվիրակությունը ամեն ինչ անում է խորհրդաժողովի արժեքների տարածողը դառնալու համար:
|