Այսօր շատերն են անդրադառնում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, գործում հանուն ոլորտի բարելավման, նախագծում տարբեր ծրագրեր` ուղղված քաղաքացիական հասարակության հետագա բնականոն առաջընթացին, բայց ոչ բոլորը գիտեն այն մարդակնց անունները, ովքեր կանգնած են ոլորտի հիմնադրման ակունքներում և ում եռանդուն գործունեության շնորհիվ սկզիբ դրվեց Հայաստանի Նորանկախ Հանրապետության քաղաքացիական հասարակությանը: Այս առաջամարտիկների շարքում է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանը:

90-ականներից Կարեն Ասատրյանը դարձավ Հայաստանում հասարակական ոլորտի ամենավառ առաջնորդներից մեկը: Նրա եռանդուն ու նվիրյալ աշխատանքը հետապնդում էր մեկ նպատակ` նպաստել այն հասարակության ստեղծմանը, որի կենտրոնում գիտակից քաղաքացին է` իր իրավունքներով և պարտականություններով:

“Մենք ենք կերտում մեր պատմությունը” կարգախոսի ներքո Կարեն Ասատրյանն իր գործընկերների և հետևորդների հետ դարձավ այն կարևոր փոփոխությունը, որն ի հեճուկս մի շարք դժվարությունների, շունչ տվեց  քաղաքացիական հասարակությանը մեր հանրապետությունում:

Նրա խիզախ բնավորությունը, անկոտրում կամքն ու ամուր հավատքն այսօր ոլորտի շատ երիտասարդների համար օրինակ է և ծառայում է որպես ոգեշնչման աղբյուր նոր սերունդների համար:
           
Կարեն Ասատրյանը ստանձնեց մեծ ու խրթին պատասխանատվություն, այն է` իր գիտելիքներով և տարիների ընթացքում կուտակված փորձով նպաստել քաղաքացիական մշակույթի ձևավորմանը` մարդու բարձրագույն արժեքները տարածելով հասարակական աշխատանքի խողովակներով: Իր մասնագիտական ուղու սկզբից մինչև վերջ Կարեն Ասատրյանի նախաձեռնելիությունն ու վստահությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության լուսավոր ապագայի հանդեպ դրսևորվեցին մի շարք նախագծերում` հասարակության ամենատարբեր շերտերին առաջնորդելով դեպի ժողովրդավարական արժեքներ, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական ինտեգրում, խաղաղության ու վստահության կառուցում: Ավելին, նրա գաղափարախոսությունը գնահատելի դարձավ Համաշխարհային հասարակության  օղակներում, նրա ջանքերն ամրագրվեցին մեծ հաջողություններով միջազգային ասպարեզում ևս:

90-ականներից Կարեն Ասատրյանը ներգրավվեց “Փյունիկ” հաշմանդամների միության աշխատանքներում, մինչև 1998-ը ստանձնեց Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի Գլխավոր Քարտուղարի պաշտոնը, 1995-ին Կարենը Ասատրյանը միացավ “Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցությանը”, 1997-ից 2005-ն ընկած ժամանակահատվածում աշխատեց Հայաստանի Սոցիոլոգիական ասոցիացիայում:

Կարեն Ասատրյանը եղել է մի շարք տարածաշրջանային ցանցերի ակտիվ անդամ, ինչպիսին է օրինակ CRINGO Կովկասյան ցանցը, որի շրջանակներում նա գլխավորել է Համակարգողների խորհուրդը:  Կարեն Ասատրյանը ղեկավարել է նաև մի քանի միջազգային նախաձեռնություններ:

Իր նվիրական աշխատանքի համար Կարեն Ասատրյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակում: 
           
Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա զարգացմանն ուղղված նրա ժառանգությունը դարձավ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան: Կարևորելով ՄԱԿ-ի արժեքների տարածումը Հայաստանում և տարածաշրջանում` 2005 թվականին Կարեն Ասատրյանը հիմնադրեց ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան` նպատակ ունենալով ստեղծել երկկողմանի կամուրջ` ՄԱԿ-ի արժեքների, սկզբունքների ու ծրագրերի և Հայաստանի արժեքների, ավանդույթների և մշակութային ժառանգության միջև: 

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Կարեն Ասատրյանի գլխավորությամբ երեք տարվա ընթացքում արձանագրեց մեծ առաջընթաց` դառնալով Հայաստանի հասարակական դաշտի կարևոր դերակատարներից մեկն ու նոր գաղափարների սկզբնավորողը: Առաջնահերթ համարելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքների տարածումը` ՄԱԿ ՀԱ-ն դարձավ մարդու իրավունքների պաշպանն ու դրանց տարածմանն աջակցողը, ոչ բռնության և խաղաղության մշակույթի գաղափարների ջատագովը և հանդես եկավ որպես կապող օղակ տեղական ու միջազգային կառույցների միջև:

ՄԱԿ ՀԱ-ի հաջողությունների մասին խոսում են ավելի քան 40 բազմաբնույթ նախագծերը, որոնց շնորհիվ կառույցն իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել ազգային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում: 2006-ին ՄԱԿ ՀԱ-ն Կարեն Ասատրյանի մեծ ջանքերի շնորհիվ դարձավ ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության անդամ, անդամակցեց Հայաստանում ՄԱԶԾ Հակաթրաֆիքինգի, ՄԱԶԾ Երիտասարդություն և հանդուրժողականություն, CRINGO ցանցերին, ինչպես նաև դարձավ գործընկեր կառույց Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ` կնքելով համագործակցության հուշագրեր:

ՄԱԿ ՀԱ-ի առաքելության շուրջ Կարեն Ասատրյանը համախմբեց հարյուրավոր վառ երիտասարդների` ներգրավելով նրանց բազմապիսի ծրագրերում, որոնցից ամենանշակալին են ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները, ամենամյա Շախմատի փառատոնները, խաղաղության և վստահության կառուցմանն ուղղված տասնյակից ավելի ծրագրերը: Այս նախաձեռնությունների շնորհիվ մեր հանրապետությունը հարստացավ բանիմաց ու փորձառու երիտասարդական ներուժով:
 
Կարեն Ասատրյանի անչափելի նվիրվածությունն ու եռանդը նպաստեցին Հայաստանում Քաղաքացիական հասարակության անկռելի ավանդույթներ ստեղծելուն: 2008-ից սկսած յուրաքանչյուր տարի հասարակական ոլորտի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվում է “Քաղաքացիական հասարակության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները” խորագրով խորհրդաժողով, որը նվիրված է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանի հիշատակին:

Նշանավոր հասարակական գործչի ջանքերն ու հսկայածավալ աշխատանքը Հայաստանի քաղաքացիական հասարակության ոլորտում և մասնավորապես ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադրման ու զարգացման գործում, նրան շնորհում են առանձնահատուկ տեղ Նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության պատմության էջերում:


ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
design by www.lilsdesign.com