Առաջին ՄԱԿ-ի Գլոբալ Մոդել

 

Առաջին ՄԱԿ-ի Գլոբալ Մոդել

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից առաջադրված ինը ուսանողներ մասնակցեցին առաջին ՄԱԿ-ի Գլոբալ մոդելին

ՄԱԿ-ի Նյու-Յորքյան գրասենյակի և ՄԱԿ-ի Ասոցիացիաների համաշխարհային դաշնության նախաձեռնությամբ 2009թ. օգոստոսի 2-ից 7-ը ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում տեղի ունեցավ առաջին ՄԱԿ-ի Գլոբալ մոդել խորհրդաժողովը, որը կրում էր "Հազարամյակի զարգացման նպատակներ-Հաղթահարենք աղքատությունը" խորագիրը:

Խորհրդաժողովը, որը Հազարամյակի Զարգացման նպատակների (ՀԶՆ) շուրջ համախմբել էր աշխարհի ավելի քան 60 երկրների լավագույն 700 ուսանողների, նպատակ ուներ ծառայելու որպես ՄԱԿ-ի մոդելի լավագույն փորձի փոխանակման կամուրջ` քաջալերելով առաջնորդների հաջորդ սերունդներին մասնակցել ազգային և գլոբալ հիմնահարցների լուծմանն ու բարձրաձայնելու կարգավորման սեփական մեխանիզմները:


Խորհրդաժողովի լավագույն 700 մասնակիցներ թվում էր նաև ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ինը լավագույն ուսանողներ:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի պատվիրակության մասնակցությանն աջակցել են ՀՀ նախագահը, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը:
 

Նախապատրաստական փուլ
Խորհրդաժողովի մասնակիցների համար հունիս-հուլիս ամիսներին ՄԱԿ-ի Նյու Յորքյան գրասենյակը նախաձեռնեց հատուկ օն-լայն դասընթացներ և տեսա-կոնֆերանսներ ՄԱԿ-ի Նյու Յորքի և Ժնևի  գլխամասերի ղեկավար պաշտոնյաների հետ: Կազմակերպվել են ավելի քան տասը օն-լայն դասընթացներ, որոնց հիմնական թեմաները վերաբերում էին Հազարամյակի Զարգացման Նպատակներին,  ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀԶՆ-ների վրա, ՀԶՆ-ների իրականացման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու տեղական մակարդակներում անհրաժեշտ միջոցառումներին: Օնլայն դասընթացների ավարտին կազմակերպվել են փորձագետների և մասնակից երիտասարդների համատեղ քննարկումներ ու բանավեճեր:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի երիտասարդները մասնակցել են նաև Խորհրդաժողովի կազմակերպող խմբի պաշտոնյաների ընտրությանը: Խորհրդաժողովի բոլոր մասնակիցները օնլայն քվեարկությամբ ընտրել են ՄԱԿ-ի Քարտուղարության անդամներին, Գլխավոր քարտուղարին, յուրաքանչյուր կոմիտեի նախագահողներին, փոխնախագահներին և  արձանագրողներին: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Ամալյա Հովսեփյանն ընտրվել է խորհրդաժողովի փոխնախագահի պաշտոնում և խորհրդաժողովից մեկ շաբաթ առաջ մեկնել ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակ` մասնակցելու խորհրդաժողովի Քարտուղարության անդամների, նախագահողների, փոխանախագահների վերապատրաստման դասընթացներին, որը ֆինանսավորել և կազմակերպել էր ՄԱԿ-ի Նյու- Յորքյան գլխամասը:

Ընտրության կարգով ընտրվել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի անդամ պետությունների պատվիրակության ղեկավարները: Հայաստանյան պատվիրակության երեք ներկայացուցիչներ` Արամ Ոսկանյանը, Ամալյա Գրիգորյանը և Նարե Վարդանյանը, համապատասխանաբար ստանձնել են իրենց կողմից ներկայացվող երկրների պատվիրակության ղեկավարների դերերը (Ուգանդա, Ալժիր և Կիպրոս): 


Ֆինանսավորումը`
ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան զբաղվել է ֆինանսների հայթայթմամբ շուրջ երեք ամիս: Խորհրդաժողովի պատվիրակների ուղետոմսերի հովանավորման խնդրանքով ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Խնդրագիրը նախագահի աշխատակազմից ուղղվել է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչություն, որն էլ ֆինանսավորել է վեց ուսանողների չվերթը:

Հրավերքների ձևակերպման հարցով պատվիրակությանն աջակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչությունը: Երիտասարդների կեցության հարցերը Ժնևում հոգացել են ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան, մասամբ իրենք` երիտասարդները, ինչպես նաև պատվիրակության կազմում Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերից երկու ուսանողների աջակցել են Արագածոտնի մարզպետն ու Գեղարքունիքի ՏԻՄ ներկայացուցիչները:

Խորհրդաժողովը
Ժնևում նմանակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Մինչև խորհրդաժողովի սկիզբն ու 4 կոմիտեներում աշխատանքը ՄԱԿ-ի պաշտոնյաների հետ միասին երիտասարդները մասնակցեցին մի շարք միջոցառումների:
ՄԱԿ-ի Գլոբալ մոդել՚ի մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց անմիջական մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի խորհրդաժողովներին, ծանոթանալ Ժնևյան գլխամասի ստորաբաժանումներին, հիմնական առաքելություններին և աշխատանքային ուղղություններին:
 
Երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվեցին շրջայցեր ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, նրանք ծանոթացան գործակալության աշխատանքներին, ինչպես նաև այցելեցին պատմական կարևոր նշանակություն ունեցող բոլոր այն դահլիճները, որտեղ որոշում է կայացվել մոլորակը մտահոգող ամենատարբեր խնդիրների շուրջ:
 
Խորհրդաժողովի բացման նախօրյակին հայաստանյան պատվիրակությանն ընդունեց Շվեյցարիայում ՀՀ հյուպատոս Գագիկ Հովհաննիսյանը:  Պրն. Հովհաննիսյանի շնորհիվ հայաստանյան պատվիրակությունը ծանոթացավ ՀՀ հյուպատոսության աշխատանքներին, հայ համայնքի հետ ու նաև քննարկեց խորհրդաժողովի հարցերը: Պրն. Հովհաննիսյանի շնորհիվ հայաստանյան պատվիրակությունը ձեռք բերեց անհրաժեշտ տեղեկատվություն ու դիվանագիտական հմտություններ Ժնևի ՄԱԿ-ի գլխամասում հանդես գալու նպատակով:

Խորհրդաժողովի բացումը
Խորհրդաժողովի բացումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի Գլխավոր Ասամբլեայի դահլիճում:  Մասնակիցներին բացման ուղերձ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-մունը: Գլխավոր Քարտուղարի ուղերձում նշված էր,  մեջբերում եմ. "...աշխարհն այսօր ունի մարդկային, ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների պակաս, բայց երիտասարդության ներուժը այդ բացերը լրացնելու հարցում կարող է  գտնել այլընտրանքային տարբերակներ:  Երիտասարդությունն  ի զորու է դառնալ քաղաքական լուծումների և կայուն համագործակցության հիմքը: ՄԱԿ-ի Գլոբալ մոդելը առաջ կբերի աշխարհի այն առաջնորդներին, որոնց կարիքն այսօր զգում  է ողջ աշխարհը," մեջբերման ավարտը:

Բացմանը ներկա էին ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էր  ՄԱԿ-ի Նյու Յորքյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար և ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ Կիո Ակասական: Պրն. Կիո Ակասական հանդես եկավ ողջույնի խոսքով: Երիտասարդ առաջնորդներին ողջունեց նաև Շվեյցարիայի արտաքին գործերի փոխնախարարը:

Խորհրդաժողովի բացմանը հաջորդեցին երիտասարդական քննարկումներն ու ծանոթացումը: Երիտասարդները դիտեցին "Soldiers for Peace" անվանումով ֆիլմը, որը  պատմում էր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և այն նվիրյալների մասին, որոնք անձնազոհ  պայքարել են աշխարհում խաղաղություն հաստատելու համար:
Ֆիլմի դիտմանը հաջորդեց կողմնորոշման նիստը, որի ընթացքում երիտասարդները ՄԱԿ-ի փորձագետներից ստացան հատուկ հանձնարարականներ կոմիտեներում իրենց աշխատանքն իրականացնելու համար:

Խորհրդաժողովի մասնակիցների  համար կազմակերպվեց  նաև հատուկ հանդիպում-ցուցահանդես նվիրված  ՄԱԿ-ի տարբեր գործակալություններին և Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններին: Հանդիպում-ցուցահանդեսին ներկա էին   ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի հետևյալ գործակալությունների` UNDP-ի, UNRISD-ի, UNAID-ի, UNAP- ի, UN RWA- ի, UN OCHA- ի, ինչպես նաև "UNA Youth Organization of Switzerland"-ի, "WFUNA Youth"-ի, ALO-ի, IOM-ի, "International Federation of Red Cross"-ի  և այլ միջազգային կազմակերպությունների  ղեկավարները: Ներկաները խոսեցին իրականացվող ծրագրերի մասին ու ներկայացրեցին դրանց մասնակցության հնարավորությունները: Որոշ գործակալություններ հայտարարեցին շուրջ տարին գործող վերապատրաստման դասընթացների մասին:

Կոմիտեներում աշխատանքը
Խորհրդաժողովի մասնակիցները 3 օր աշխատել, բանավիճել և համապատասխան բանաձևեր են ընդունել  հետևյալ կոմիտեներում`

Առաջին կոմիտե`

  1. Ապօրինի փոքր զենքերի ոչ կանոնակարգված տարածման ազդեցությունը ՀԶՆ-ների իրագործման վրա:
  2. Զինաթափման վերաբերյալ Համաձայնագրերի իրականացումը:


Երկրորդ կոմիտե`

  1. Տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀԶՆ-ների իրականացման համատեքստում:
  2. Կլիմայի փոփոխություն:


Երրորդ կոմիտե`

  1. Մարդու իրավունքներ և Բնապահպանություն
  2. Երեխաների`հակամարտության մեջ ներգրավման ազդեցուրյունը ՀԶՆ-ների վրա:


Չորրորդ կոմիտե`

  1. UNRWA's գործունեության գնահատումը Մերձավոր Արևելքում ՀԶՆ-ների իրականցման հարցում:
  2. Գլոբալ համագործակցություն զարգացման համատեքստում:


ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն` անդամ պետությունների պատվիրակները գրանցվելուց հետո, ներկայացրեցին նախապես իրենց պատրաստած անդամ պետությունների դիրքորոշման փաստաթղթերը: Այնուհետև երիտասարդներն անցան հարցերի շուրջ համապատասխան բանաձևերի կազմման աշխատանքներին, անդրկուլիսյան բանակցություններին և ֆորմալ դեբատներին:
 
Երեք օր բանակցություններ վարելուց հետո յուրաքանչյուր կոմիտե ընդունեց վերոնշյալ հարցերի շուրջ բանաձևեր, որոնք ամբողջացան մեկ ընդհանուր Հռչակագրի մեջ:

Կոմիտեների աշխատանքին զուգահեռ կայացավ նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստի նմանակումը` կապված Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Երկօրյա նիստի արդյունքում կազմվեց համապատասխան հայտարարությունը, որը ևս Հռչակագրի հետ ներկայացվեց Գլխավոր Ասամբլեայի նիստում:

Խորհրդաժողովի փակումը
Խորհրդաժողովի աշխատանքները ամփոփվեցին Գլխավոր Ասամբլեայի նիստում, որի ժամանակ ընթերցվեց կազմված Հռչակագիրը: Երիտասարդ պատվիրակները միաձայն ընդունելով այն` կոչ արեցին տարբեր երկրներին հետևել իրենց օրինակին ու հասնել համաձայնության` ՀԶՆ-ների առավել արդյունավետ իրագործման համար:
Խորհրդաժողովի փակումը նշանավորվեց վկայականներ հանձնելու արարողությամբ:

Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը
Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը "ՄԱԿ-ի Գլոբալ մոդելին՚" ունեցավ մեծ կարևորություն: Նախ երիտասարդները մանրամասն ծանոթացան ՄԱԿ-ի Ժնևի գլխամասի աշխատանքներին, տարբեր գործակալություններին ու մարմիններին, ինչը մասնագիտական մեծ ձեռքբերում է երիտասարդների համար: Բացի այդ բանակցությունների և քննարկումների արդյունքում ամրապնդեցին ու հարստացրին իրենց դիվանագիտական հմտությունները և ոլորտի վերաբերյալ գիտելիքները:

  • Հայաստանյան պատվիրակության երկու ներկայացուցիչ հնարավորություն ստացան  2010թ. անցնել  ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի հատուկ վերապատրաստման դասընթացներն ու ձեռք բերել ՄԱԿ-ի առաքելություններին մասնակցելու համար անհրաժեշտ որակավորում:
  • Տպավորված հայաստանյան պատվիրակության մասնակցությամբ` ՄԱԿ-ի Ժնևի գլխամասի երկու փորձագետ ցանկություն են հայտնել Հայաստան գալ` ՀՀ տարբեր համալսարաններում ՄԱԿ-ի ու այլ միջազգային կառույցների մասին հատուկ դասախոսությունների շարք անցկացնելու նպատակով:
  • Հայաստանի պատվիրակությունը նաև մասնակցել է "Global MUN think tank session" անվանումով ՀԶՆ-ների վերաբերյալ երիտասարդական հարցումին,  պատվիրակության երկու անդամներ հարցման իրականացնողների շարքում էին: Հարցման հիման վրա հետագայում կկազմվի զեկույց, որը կարտացոլի երիտասարդների տեսակետը  ՀԶՆ-ների իրականացման և սահմանված նպատակների ապագայի վերաբերյալ:  
  • Հայաստանյան պատվիրակության երիտասարդները մասնակցել են նաև ՄԱԿ-ի երիտասարդների մասին պատմող ֆիլմի նկարահանումներին, ինչպես նաև հանդես եկել հարցազրույցներով` Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի հեռուստաալիքներով:    
  • Հայաստանյան պատվիրակությունը հայ երիտասարդների անունից միացել է նաև այս տարի դեկտեմբերին Կոպենհագենում  կայանալիք կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտաժողովին և գիտաժողովի նախաձեռնողներին աջակցող նամակով հայտնել հայ երիտասարդության մտահոգությունը գլոբալ տաքացման հարցի շուրջ:

 

 

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդել

Գործընկերներ` ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնություն, Կորեայի Հանրապետության արտգործնախարարություն, Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի ասոցիացիա, ք. Ինչեոն, "Էվհա Կանանց համալսարան"

ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 20 երկրների շուրջ 300 ուսանողներ հուլիսի 21-25-ը հանդիպեցին Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքում ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդելի շրջանակներում:

Խորհրդաժողովի թեման էր "Իրագործենք Հազարամյակի զարգացման նպատակները մինչև 2015թ.` Պրոակտիվ մոտեցումներ Ավանդական իմաստությունից այն կողմ":

Լիագումար նիստում և երեք կոմիտեներում Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղիները դիտարկելիս պատվիրակները քննարկեցին կլիմայական փոփոխության վտանգներից ապագան պաշտպանելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, մասնավորապես աղքատ շրջաններում բնական աղետների ռիսկերի նվազեցման, գիտելիքահենք տնտեսության առաջխաղացման և մարդկային թրաֆիքինգի կանխարգելման նպատակով տարածաշրջանային համագործակցության մասին:

Պատվիրակները միաձայն ընդունեցին մի քանի բանաձևեր և Ինչեոնի հռչակագիրը, որը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր սեկտորին աջակցել Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Բրիտանական դեսպանատան Միջազգային զարգացման վարչության աջակցությամբ առաջին անգամ էր մասնակցում ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդելին: Հայկական պատվիրակությունը մեծ հաջողությամբ մասնակցեց և ջերմորեն ընդունվեց խորհրդաժողովի բոլոր մասնակիցների կողմից:

Հայկական պատվիրակությանը հաջողվեց նոր կապեր ստեղծել, որն օգնեց ՄԱԿ-ի տարբեր ասոցիացիաների հետ հետագա համագործակցության հող նախապատրաստելուն:

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 3-րդ ՄԱԿ-ի մոդելի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Խորհրդաժողովին ներկա  ուսանողներին կոչ արեց ՀԶՆ-ների վերաբերյալ մինչև 2015թ. Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործնական մոտեցումներ փնտրել: Բան Կի-Մունի տեսաուղերձը խրախուսեց ուսանողներին "ավելի լավ հասկանալ մեր Միավորված ազգերի կազմակերպությունը – ինչ է այն, ինչ է այն անում և ինչ կարող է անել":

Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ Ինչեոնի քաղաքապետը, փոխնախարար Ահն Սանգ-սուն, դեսպան Օհ Ջունը, ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Գլխավոր քարտուղար Փերա Ուելսը և ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախկին Գործադիր քարտուղար Կիմ Հակ-սուն:

Անշուշտ, Խորհրդաժողովը հոյակապ գործիք հանդիսացավ ՄԱԿ-ի մոդելի արժեքը Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածելու համար, իր հերթին հայկական պատվիրակությունն անում է հնարավոր ամեն ինչ այդ արժեքները տարածելու համար:

© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
design by www.lilsdesign.com