ՄԱԿ-ի մոդել
ՄԱԿ-ի ՄՈԴԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ Պատմական, քաղաքական, տնտեսական գիտելիքների շտեմարան, դիվանագիտական հմտությունների և էթիկայի մի ամբողջ համալիր, առաջնորդական ու բանակցային ունակությունների դրսևորման հնարավորություն` համեմված հաճելի շփումներով ու նոր ծանոթություններով... Խաղում ենք ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողով:
ՄԱԿ-ի մոդելը ճանապարհ է, որն անցնելիս մասնակից ամեն մի երիտասարդ զինվում է հարուստ տեղեկատվությամբ, բացահայտում մոլորակը մտահոգող խնդիրներն ու փորձում լուծումներ առաջարկել: Սկզբում ողջույնի խոսք, հետո սեփական երկրի դիրքորոշման ձևակերպում ու երկարատև քննարկումներ: Խաղի ավարտին էլ ընդունվում է բանաձև, որը դեղատոմս է այս կամ այն հարցի լուծման և մոլորակի ապաքինման համար:
ՄԱԿ-ի մոդել խաղում են ողջ աշխարհում` արևելքից արևմուտք: 1992-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ, Հայաստանը ևս բռնեց ՄԱԿ-ի արժեքների տարածման ուղին` հանրությանը ներկայացնելով այն, ինչն աշխարհի շատ երկրների համար ուղեցույց է: Կանոնադրությամբ ամրագրված նորմերի տարածումը հայ երիտասարդների շրջանում դարձավ ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն և այստեղ է, որ ևս մեկ անգամ ընդգծվում է ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողովի առանձնահատկությունը. չէ՞ որ այն ՄԱԿ-ի տարբեր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու, կառուցվածքին ծանոթանալու և շատ կարևոր հարցեր քննարկելու ամենակարճ ու բովանդակալից տարբերակն է: Ավելին, դպրոց, որը ճակատագրական նշանակություն է ունենում շատերի համար` նրանց վարակելով կրկին ու կրկին մոդելին մասնակցելու ցանկությամբ:
ՄԱԿ-ի մոդելը բազմաթիվ հայ երիտասարդների ամենանախընտրելի երիտասարդական միջոցառումներից է և տարեկան շուրջ 200 հայ երիտասարդ մասնակցում է ՄԱԿ-ի մոդելավորմանը:
Մոդելի միջոցով ՄԱԿ-ը հայ երիտասարդներին հասանելի դարձնելու գործում իր ուրույն դերն է ունեցել նշանավոր հասարակական գործիչ Կարեն Ասատրյանը: 2005-ից ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Կարեն Ասատրյանի գլխավորությամբ մոդելներ է կազմակերպել Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում` բազմաթիվ երիտասարդների մասնակից դարձնելով այն ամենին, ինչը կատարվում է աշխարհում:
Խորհրդաժողովների կազմակերպմանն աջակցել են ՄԱԿ-ի Հաղորդակցության խումբը, ՄԱԿ ՀՏՎ-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Շվեդական ասոցիացիան: ՄԱԿ-ի մոդելը ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կարևորագույն երիտասարդական ծրագրերից է:
ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ունի ավելի քան 20 ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների մասնակցության և կազմակերպման հարուստ փորձ: Վերջին երեք տարիներին խորհրդաժողովներին ներգրավվել են ավելի քան 1000 երիտասարդներ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:
Վստահ ենք, որ ձեզնից շատերը վաղվա քաղաքական առաջնորդներն ու լուրջ որոշում կայացնողներն են, այնպես որ մի՛ հապաղեք, ծանոթացեք խաղ-խորհրդաժողովի բոլոր մանրամասներին և սկսեք դեպի ապագա ձեր ճանապարհը մեզ հետ` ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի արահետով:
|
|
|